30/08/2013 12:52
Սեպտեմբերի 2-ից կմեկնարկի «Զգուշացեք երեխաներ են» միամսյակը
Սեպտեմբերի 2-ից ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը կսկսի «Զգուշացեք երեխաներ են» նշանաբանով անվտանգ երթևեկության միամսյակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարի առաջին անգամ հայտարարված միամսյակը արդյունավետ էր և նախորդ տարվա համեմատ պակասել են պատահարները, գրանցվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, զոհվել է 1 երեխա:
Ն. Սարգսյանի խոսքով՝ միամսյակի ուղղությամբ աշխատանքները սկսել են 15 օր առաջ, իսկ միամսյակի ընթացքում ոստիկանությունն աշխատելու է առանց հանգստյան օրերի: Նա նշեց, որ մանկավարժները ևս պետք է դպրոց նոր հաճախող երեխաներին սովորեցնեն ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ երեխաները պետք է ճանապարհը անցնեն միայն թույլատրված հատվածներով:
Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ դպրոցների հարակից ճանապարհները կահավորել են համապատասխան գծանշաններով: