02/09/2013 11:47
Մուրսին դատարանի առջև կկանգնի սպանություններ հրահրելու համար
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին դատարանի առջև է կանգնելու բռնություններ և սպանություններ հրահրելու մեղադրանքով: Reuters գործակալությունը հայտնում է, որ գործը հանձնվել է Կահիրեի քրեական դատարան:
Խոսքը 2012 թվականի դեկտեմբերին Կահիրեում՝ նախագահական պալատի մոտ իշխանությունների կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած ընդհարումների մասին է, որոնց ժամանակ զոհվել էին տասնյակ մարդիկ:
Ցուցարարները դեմ էին սահմանադրության նոր նախագծին, որն ընդլայնելու էր երկրի նախագահի լիազորությունները: Այս միջադեպը Մուրսիի նախագահության ամենադաժան դրվագն էր: Մուրսիի հետ նույն մեղադրանքով դատարանի առջև են կանգնելու նաև «Մուսուլման եղբայրներ» շարժման 14 անդամներ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը տապալվեց հուլիսի 3-ին, որից հետո երկրում նոր թափով շարունակվեցին Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները: Արդյունքում զոհվեց ավելի քան 600 մարդ:
Մուհամեդ Մուրսին ձերբակալվեց հուլիսի 26-ին՝ լրտեսության ու պետական դավաճանության, 2011 թվականի սկզբին հակակառավարական ցույցերի ժամանակ բանտից փախուստի դիմելու, ինչպես նաև ծայրահեղական «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով: Իսկ օգոստոսի 19-ին նրան մեղադրեցին նաև 2012 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների սպանությունների և կտտանքների մեջ: