03/09/2013 09:54
ՀՅԴ-ն խոստացել էր համագործակցել, բայց այժմ ընդհատակ է անցել
«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով, Ազգային ժողովի 4 խմբակցությունները՝ Հայ Ազգային Կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը դեռևս արձակուրդներից առաջ որոշել էին աշնանային նստաշրջանը սկսել որոշ միասնական քաղաքական նախաձեռնություններով, որոնք իրենց քաղաքական-հասարակական հնչեղությամբ աշխուժություն կմտցնեին խորհրդարանական կյանքում։
Թերթի տեղեկություններով, խոսքը միասնական այնպիսի նախաձեռնությունների մասին էր, որի հրապարակայնացումը լրջորեն անհանգստացնելու էր ՀՀ իշխանություններին։ Սակայն խմբակցությունների կողմից «նախաստորագրման» ակտը այս օրերին չի կայանում այն պարզ պատճառով, որ ՀՅԴ-ն ընդհատակ է անցել։
Թերթի տեղեկություններով, բոլոր խմբակցություններն այս օրերին քննարկել և կոնկրետ համաձայնության են եկել նախաձեռնության շուրջ, մինչդեռ ՀՅԴ-ն, անհասկանալիորեն լռում է։ Չնայած, մի քանի ամիս առաջ ՀՅԴ-ն ինքն էլ բանավոր պատրաստակամություն էր հայտնել միանալու նախաձեռնությանը, սակայն հիմա այս կապակցությունը ոչ դրական արձագանք է տալիս, ոչ բացասական։
«ՀՅԴ-ի այս անհասկանալի պահվածքը, թերևս, կարելի է բացատրել ՀՅԴ-ում սպասվելիք փոփոխություններով։ Բոլոր նշանները կան պնդելու, որ ՀՅԴ-ականները ոչ միայն օտարերկրյա դեսպանների պորտֆելներ են վերցնելու, այլ ՀՀԿ-ի հետ «կոալիցիոն» գործընկերություն են սկսելու։ Այդ է պատճառը, որ նրանք այս պահին խուսափում են միանալ նախաձեռնությանը»,- մեկնաբանել է թերթը: