04/09/2013 20:45
Քլիվլենդի մոլագարն ինքնասպան է եղել
Քլիվլենդի բնակիչ Արիել Կաստրոն, ով երեք կնոջ առևանգման համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման, նախօրեին ինքնասպան է եղել: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
53-ամյա Կաստրոն ինքնասպան է եղել ԱՄՆ Օհայո նահանգի Օրիենտ քաղաքի բանտի իր մենախցում: Վերջինիս սույն թվականի օգոստոսի 1-ին դատապարտել էին ցմահ ազատազրկման` առանց ներման իրավունքի: Բանտի ղեկավարության տվյալներով, Կաստրոն պատիժը կրում էր մենախցում, որպեսզի մյուս բանտարկյալները նրա հանդեպ հաշվեհարդար չտեսնեն: Բանտի հսկիչները յուրաքանչյուր կես ժամը մեկ ստուգայց էին անցկացնում նրա խուց:
Կաստրոն մեղավոր է ճանաչվել երեք կանանց առևանգման, 10 տարի անազատության մեջ պահելու, բռնաբարության, ծեծի, նաև սպանության հոդվածներով: Ըստ տեղեկությունների` Կաստրոյի զոհերից մեկը բռնաբարության հետևանքով հղիացել է նրանից, սակայն ծեծի ենթարկվելու պատճառով վիժել է: Նահանգի օրենսդրությամբ նման երևույթը որպես սպանություն է որակվում:
Քննության տվյալներով` Կաստրոն 2002-2004 թթ. առևանգել է 14-20 տարեկան երեք աղջկա (ԱՄՆ սահմանդրությամբ չափահաս համարվում է 21 տարեկանը լրացած անձը), 10 տարի շարունակ պահել է նրանց տան նկուղում, սիստեմատիկ ծեծի, բռնաբարության և զանազան տանջանքների է ենթարկել: Զոհերից մեկը այս տարվա մայիսին կարողացել է փախչել մոլագարի տնից և դիմել ոստիկանություն:
Կաստրոն խուսափել էր մահապատժից` քննչական մարմինների հետ համագործակցելու համար: Մոլագարը թույլատրել էր քանդել իր տունը, որը, քաղաքային իշխանությունների մտավախությամբ, զբոսաշրջային այցելության վայր կարող էր դառնալ: