05/09/2013 09:09
Շտեֆան Ֆյուլեն գալիս է Հայաստան
«Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված է Եվրամիության Հարևանության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը ՀՀ, ով վերջին շտկումները պիտի աներ ԵՄ Ասոցացման համաձայնագրում։
Թերթի թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված Էր Ֆյուլեի այցը ՀՀ և արդյոք այն կկայանա՞ Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ԵՄ գրասենյակի մամուլի պատասխանատու Անահիտ Ազատյանը պատասխանել է. «Շտեֆան Ֆյուլեն այցելելու է Հայաստան սեպտեմբերի 12-13-ին՝ մասնակցելու Արևելյան գործընկերության անդամ երկրների նախարարական 3-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը Երևանում»։
Ֆյուլեի մամուլի խոսնակ Փեթեր Սթենոնը ևս թերթի թղթակցին հայտնել է, որ Ֆյուլեն ՀՀ-ում կլինի սեպտեմբերի 12-ին։ «Մինչ այդ ԵՄ տարբեր պաշտոնյաներ փորձում են բացատրություններ ստանալ Մաքսային միություն մտնելու ՀՀ-ի որոշման կապակցությամբ։ Այդ նպատակով այսօր Բրյուսել են մեկնելու Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը»,- գրել է թերթը։