06/09/2013 15:23
Գ. Մակարյան. Գուցե Եվրոպա՞ն է ցանկանում իր ապրանքներն այստեղ իրացնել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը դիտարկումներ արեց ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շուրջ:
Տնտեսագետը հիշեցրեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանը գտնվում է GSP+ համակարգի շրջանակներում, ըստ որի, շուրջ 6400 ապրանքներ դեպի եվրոպական երկրներ կարող էին արտահանվել ցածր մաքսատուրքով. «Նախ համաձայնագիրը 3 տարով էր, ապա դարձավ անորոշ ժամկետով, սակայն «այս ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել: Մեծ հաջողություններ չենք գրանցել»:
«Գուցե Եվրոպա՞ն է ցանկանում իր ապրանքները այս տարածաշրջանում իրացնել»,- հարց է տալիս Գագիկ Մակարյանը` նշելով, որ Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպայի համար բացվելու էր մեծ շուկա, իսկ Եվրոպան իր ապրանքներն իրացնելու խնդիր ունի: Լինի թե՛ ԵՄ, թե՛ Մաքսային միություն` Հայաստանը իր տնտեսությունը զարգացնելու խնդիր ունի:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից «Թվինինգ» ծրագրի կասեցմանը, ապա բանախոսը ընդգծեց, որ Հայաստանի հայտարարությանը Եվրոպան անտարբեր չէր մնալու, այդ որոշումը, «ինչպես շատերիս համար էր անսպասելի, այնպես էլ՝ ԵՄ-ի»:
Այնպես որ ԵՄ-ի նախազգուշական քայլերը տնտեսագետի համար զարմանալի չեն, սակայն վստահ է, որ ԵՄ-ի հետ նոյմեբերին Վիլյունսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի: