06/09/2013 12:20
Ակտիվիստ Սուրեն Սաղաթելյանը վիրահատվել է
Սեպտեմբերի 5-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Սուրեն Սաղաթելյանը արդեն վիրահատվել է և գտնվում է հիվանդանոցում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ս. Սաղաթելյանը, նշելով, որ չի կարող առայժմ պատասխանել այլ հարցերի:
Քաղաքացիական ակտիվիստ Հայկակ Արշամյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն` սեպտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1976 թ. ծնված Սուրեն Ս.-ն և հայտնել, որ Երևանի Տեր-Գաբրիելյան և Ե. Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել և ծեծի են ենթարկել իրենց:
Ժամը 23.20-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1971 թ. ծնված Հայկակ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ե. Կողբացու փողոցի թիվ 2 շենքի բակում:
Ժամը 23.25-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սուրեն Ս.-ն:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: