07/09/2013 12:12
«Բանդայի գործով» ՔԿՀ-ում մահացած Արման Դալլաքյանը վնասվել էր ձերբակալվելիս
Երեկ, ժամը 20.42-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատաողական հիմնարկում մահացել է բանդիտիզմի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում դժվարացավ նշել մահվան պատճառը, այն կպարզի դատաբժշկական փորձաքննությունը:
Ամբաստանյալն, ըստ Գ.Ղլեչյանի, օգոստոսի 30-ին աչքի վիրահատություն էր տարել, և Ա.Դալլաքյանի առողջական խնդիրների պատճառով նա չէր ներկայացվել սեպտեմբերի 2-ի դատական նիստին և այն հետաձգվել էր:
Անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Արման Դալլաքյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել էր՝ ձերբակալվելու ժամանակ Ա.Դալլաքյանը վնասել էր ինքն իրեն՝ որովայնի շրջանում, ինչի հետևանքով առաջացել էր ճողվածք:
Այն ժամանակ «Փաստինֆոի» թղթակցի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Վաչագան Քոսյանը հայտնել էր, առողջական այդ խնդիրը չի լուծվել ոչ բավարար բժշկական սպասարկման արդյունքում՝ նա ձերբակալության օրը ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունից տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ վիրահատվելու, և վիրահատության հաջորդ օրը դուրս գրվել կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Պաշտպանի հարցմանը, թե ինչու էր նոր վիրահատված անձը հապշտապ դուրս գրվել հիվանդանոցից, բժիշկները տեղեկացրել էին, որ հիվանդին դուրս են գրել ոստիկանների պահանջով և ոստիկանների ուղեկցությամբ նա տեղափոխվել է ոստիկանության հոսպիտալ:
Նախորդող հրապարակում` «Բանդայի գործ». Ա.Դալլաքյանի առողջական վիճակը վատթարացել է
Բանդայի գործով դատական նիստը հետաձգվել է
«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը վատացել է
«Բանդայի գործով» մեղադրյալ Դ.Գալստյանի մոտ առողջական խնդիրներ կան