07/09/2013 12:04
Կարո Եղնուկյանը պահանջում է ապահովել իր ու ընտանիքի անվտանգությունը
Նախախորհրդարանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է` Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը Ծածկած շուկայի ճակատային մասում իր նկարը փակցնելու վերաբերյալ նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան հովսեփյանին ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Կարո Եղնուկյանը, աղբյուրի համաձայն, պահանջում է հանել պաստառը, պատժել այն փակցնող անձանց և ապահովել իր ու իր ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը:
«Արդեն հինգերորդ օրն է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է իմ նկարով մեծադիր պաստառ, որի վրա գրված են՝ «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծման»:
Այս գործողության նպատակն իմ նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելն է, ինչի մասին հրապարակավ զգուշացրել եմ սեպտեմբերի 2-ի տվածս հարցազրույցներում։ Նույն հարցով սեպտեմբերի 3-ին իր բողոքն է արտահայտել: Սպասելի էր պատկան մարմինների գործնական միջամտությունը, սակայն անգործություն ցուցաբերվեց, ինչը իմ կարծիքով բռնության այդ կոչն իրականացնելու փորձի պատճառ դարձավ։
Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան իմ բնակության շենքի մոտ հարձակում է տեղի ունեցել երկու անձանց վրա, որոնց դիմել են «ախպա՞ր ես» արտահայտութեամբ։ Կարծում եմ, նկատի են ունեցել իմ ներգաղթյալ լինելու հանգամանքը։
Այս հարձակման` իմ անձի դեմ ուղղված լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ հարձակման ենթարկվածներից մեկը` Հայկակ Արշամյանը, ապրում է Զաքյան 3 շենքի 37 բնակարանում: Իմ բնակարանի համարը` նույն 37-ն է, նույն Զաքյան փողոցի 8-րդ շենքում, ինչը փաստում է, որ հարձակվողներն ընդամենը շփոթել են շենքի համարը:
Հաշվի առնելով վերևում շարադրավածը պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել իմ անձի նկատմամբ ատելություն, խտրականություն և բռնություն հրահրելու նպատակով Ծածկած շուկայի ճակատային մասին պաստառ փակցրած անձանց, ինչպես նաև հնարավորինս շտապ կերպով կարգադրել հանել այդ զրպարտչական և սադրիչ բովանդակութեան պաստառը:
Միևնույն ժամանակ` պահանջում եմ օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել իմ և իմ ընտանիքի անդամների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է Եղնուկյանի նամակում: