07/09/2013 12:19
Սիրիայում ռազմական գործողություններին կողմ է ամերիկացիների մեկ երրորդը
Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուն կողմ է արտահայտվել ԱՄՆ բնակչության մեկ երրորդը: Այս մասին տեղեկանում ենք Gallup-ի սեպտեմբերի 6-ին հրապարակած սոցհարցումների տվյալներից:
Ըստ Gallup-ի` հարցվածների 51 տոկոսը դեմ է արտահայտվել Սիրիայի դեմ պատերազմին, իսկ 13 տոկոսը դժվարացել են պատասխանել:
Gallup-ի վերլուծաբանների կարծիքով` այս արդյունքը վերջին 20 տարիների ամենացածր ցուցանիշն է: Ըստ աղբյուրի` 2001 թ.-ին Աֆղանստան ներխուժմանը կողմ էին արտահայտվել ԱՄՆ բնակչության 82 տոկոսը, իսկ Իրաքի դեմ պատերազմին` 59 տոկոսը: Մինչ այս ամենացածր ցուցանիշը եղել է 1999 թ.-ին Սերբիայի դեմ պատերազմի աջակիցների քանակը` 43 տոկոս:
Հարցումը անցկացվել է Ամերիկայի 50 նահանգներում, սեպտեմբերի երեքից չորսը: ԶԼՄ-ների տեղեկությամբ` մեկ այլ գործակալության` Reuters/Ipsos-ի սեպտեմբերի 3-ին անցկացրած հարցումների արդյունքով` ԱՄՆ բնակիչների 19 տոկոսն են կողմ արտահայտվել Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուն:
ԱՄՆ-ը որոշել է պատժել Սիրիային, երբ նախորդ ամսվա 21-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին:
Բարաք Օբաման օգոստոսի 31-ին հայտարարեց Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու իր որոշման մասին, որի վերաբերյալ Կոնգրեսը վերջնական պատասխան կտա սեպտեմբերի 11-ին: