10/09/2013 18:35
«Գեղեցիկ քայլ կլինի` Եվրոպան վերցնի ու ստորագրի Ասոցացման համաձայնագիրը»
Վերջին շրջանում Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս ակտիվորեն քննարկվում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի պատրաստակամությունը:
Aysor.am-ին Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը խնդրի առնչությամբ պատասխանեց, որ ԵՄ-ն ճիշտ կանի ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, որն ըստ նրա, կլինի պատասխան ՌԴ-ի ցանկություններին. Ինչքան Եվրոպան ասում է` չեմ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, այնքան ՌԴ-ի ցանկություններն արդարացված են դառնում:
Գ. Մակարյանը խոսեց նաև նախօրեին տեղի ունեցած հայ և ռուս փորձագետների քննարկման շուրջ, որտեղ խոսվել է Մաքսային միությանը միանալու ՀՀ դիրքորոշման մասին: Նա նշեց, որ և ռուսական, և հայկական կողմերը խոսում էին, թե Մաքսային միությունը ինչ օգուտ է տալու Հայաստանին. Գ Մակարյանը հիշեցրեց ՌԴ-ում աշխատող հայ միգրանտների, ՀՀ ուղարկվող տրանսֆերտների մասին. «Այստեղ խախտվել է Հայաստանի իրավունքի խնդիրը»:
Նրա խոսքով, այնպես չէ, որ միայն Հայաստանն է շահում Մաքսային միությունից, ՌԴ-ում աշխատողները Հայաստան են ուղարկում շուրջ 1.5 մլրդ դոլարի գումար, այդքան էլ ծախսում են այնտեղ` հոգալով իրենց կեցությունը, բացի այդ, միգրանտներն աշխատում են` 10 անգամ ավելացնելով այդ երկրի շահույթը. «ՌԴ-ում կա ծուլության, նարկոմանիայի, աշխատուժի, որոշ ռեգիոններում թերբեռնվածության խնդիրը, որը հայերը լուծում են և այնպես չէ, որ Մաքսային միությունից միայն Հայաստանն է շահում»:
«Շատը գեղեցիկ քայլ կլինի, որ Եվրոպան մի կողմ դնի իր նեղացած կեցվածքը և ստորագրի Ասոցացման համաձայնագիրը` ամբողջական փաթեթով»,- շեշտեց Գործատուների միության նախագահը: