10/09/2013 20:36
Խորհրդավոր թունավորումներ Ոսկեվազում. Ինչի՞ց էր վարակվել գյուղի ջուրը
Օգոստոսի 28-ից Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով թունավորման դեպքեր։ Հիվանդները հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մասնագետներն այդ համայնքներում անմիջապես կազմակերպել են բակային համայցեր:
Հիվանդության ախտանշանները բոլորի մոտ նույնն են եղել` ջերմության բարձրացում, սրտխառնոց, որովայնի ցավեր, լուծ, փսխում: Հետո համապատասխան մասնագետները եկել են եզրակացության` մասսայական թունավորման պատճառը ջուրն է: Անցկացրել են փորձաքննություններ, բայց այդպես էլ չեն պարզել, թե ինչն է եղել այս գյուղերում ջրի թունավորման պատճառը:
Ավելի ուշ հայտարարվեց` թունավորումները դադարել են, մինչդեռ մեր խմբագրություն ահազանգ ենք ստացել` թունավորումները գյուղերում դեռ շարունակվում են: Ահազանգի հետքերով Aysor.am-ը կապվել է բոլոր պատասխանատու մարմինների հետ:
«Վերջին շաբաթվա ընթացքում Աշտարակի հիվանդանոց 4-5 հիվանդ ենք ընդունել` թունավորման ախտանիշներով»,- այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին Աշտարակի քաղաքային հիվանդանոցից: Նաև ավելացրեցին` օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 9-ը հիվանդանոց է ընդունվել 56 հիվանդ: Նրանց մի մասը դուրս է գրվել, իսկ 3 հիվանդ դեռևս բուժում է ստանում կենտրոնում:
Մինչ այդ` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Պարոնյանը Aysor.am-ին փոխանցեց, որ սեպտեմբերին արդեն հիվանդացության դեպքեր չեն արձանագրվել. Վերջին բողոքները գրանցվել են օգոստոսի վերջին:
Տեսչության համար կասկածի տեղիք չի տալիս, որ վարակի աղբյուրը խմելու ջուրն էր:
Ջրի վարակի աղբյուրը պարզելու համար՝ տեսչության աշխատակիցները հետազոտել են խմելու ջրի խողովակը` ոչ մի արդյունք, հետազոտել են նաև համայնքների տարածքում գտնվող «Հայասի» կոնյակի գործարանը, դարձյալ որևէ արդյունք չի արձանագրվել:
Լ. Պարոնյանը հավանական է համարում, որ խմելու ջրին ոռոգման ջուրն է խառնվել, սակայն թե որ հատվածում է եղել միախառնումը` չկարողացավ ասել, քանի որ մասնագետները վերանորոգված կամ վնասված հատվածներ խմելու ջրի խողովակաշարի վրա չէին հայտնաբերել:
Արագածոտնի մարզի Ոսկեվազի համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը Aysor.am-ի հետ զրույցում նույնպես դժվարացավ խմելու ջրի վարակման աղբյուր նշել, ենթադրաբար կարգավորիչ ջրամբարի հետ էր կապված. Իսկ թունավորման վերջին դեպքը, նրա խոսքով, Ոսկեվազում գրանցվել է 5 օր առաջ:
Aysor.am-ը գյուղապետից հետաքրքրվեց` արդյոք համայնքի տարածքում արտադրություններ, գործարաններ կա՞ն, քանի որ հաճախ է պատահում, որ գործարանի կոյուղաջրերը կամ թափոններն են դառնում ջրի վարակման աղբյուր: Հարցմանն ի պատասխան Հ. Հովհաննիսյանը նշեց` Ոսկեվազի տարածքում է գտնվում «Հայասի» կոնյակի գործարանը, սակայն միանշանակ վստահեցրեց, որ գործարանը չէր կարող խմելու ջրի վարակման պատճառ դառնալ:
ՀԳ. Այս խորհրդավոր թունավորումների մեջ խորհրդավորը հենց ջրի վարակման չպարզված աղբյուրն է. ինչպե՞ս է պատահել, որ շուրջ 160 մարդ է թունավորվել ջրից և վարակի աղբյուրը չեն գտել:
Վստահ լինելով, որ հայրենի լաբորատորիաները բավարարար մակարդակի են, իսկ տեսչության աշխատակիցները` բանիմաց, կարելի է ուղղակի ենթադրություններ անել, թե ինչու մինչ այսօր պարզ չէ ջրի վարակման աղբյուրն ու ինչու են գյուղացիները ծորակներում ջուր ունենալով` պարտքով գումար վերցնում ու խանութներից գնում շշալցված ջուր` գոնե երեխաների համար...