11/09/2013 12:29
Մեկնարկում է Կենսաթոշակային բարեփոխումների նոր ծրագիր
Մեկնարկում է ԱՄՆ ՄԶԳ «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը»: Այսօր լրագրողների հետ հանդիպեցին ծրագրի աջակիցները` ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչները և ծրագիրն իրականացնողները` USAD/PRIP ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ Նախագահի աշխատակզմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ ԱԺ սոցիալական հարցրեի մշտական հանձնաողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բացման խոսքում շնորհավորեց ծրագրի մեկնարկի առթիվ:
Նախարարը նշեց, որ այս ծրագիրը` շարունակելով նախորդ ծրագրի արձանագրած արդյունքները, թույլ է տալու արդեն նոր իրողությունների ներքո ձևավորվել կենսաթոշակային բազաստիճանության համակարգի ամբողջական ենթակառուցվածքը, ապահովել կարողությունների շարունակականությունը:
«Կարողությունների հզորացումը վերաբերում է և՛ մեր ենթակառուցվածքներին, և՛ մարդկային կարողություններին: Կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը գործարկվելու է 2014թ-ի հունվարից: Այն նոր խնդիրներ է առաջադրում մեզ, այդ առումով նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել և արդեն հասնում ենք դրանց գործնական կիրառմանը»,- ասաց նախարարը:
Ա. Ասատրյանը նաև շեշտեց, որ արդեն ձևավորվել է համակարգ և լիարժեքորեն տիրապետում են մոտ հինգ հարյուր հազար կենսաթոշակառուների տվյալների, սակայն դեռևս ճանապարհ կա անցնելու:
«Առաջիկայում ավելի գործնական արդյունքներ ենք արձանագրելու»,- ասաց Արտեմ Ասատրյանը: