11/09/2013 16:15
Քննչական ծառայության պետ. Բուդաղյանների վրա թիկունքից չեն կրակել
Սյունիքի նախկին մարզեպտ Սուրիկ Խաչատրյանը չունի ապօրինի, ինքնաշեն զենք «P. BERETTA»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը:
«Քրեական գործով առգրավվել է երկու «P. BERETTA» տեսակի ատրճանակ, որոնցից «P. BERETTA CAL 9m 234455»-ը պատկանել է Ավետիք Բուդաղյանին, իսկ «P. BERETTA 455565» համարի ատրճանակը պատկանել է Ս. Խաչատրյանին: Ա. Բուդաղյանին պատկանող այդ զենքը հայտնաբերվել է դեպքի վայրում: Էմիլ Բուդաղյանը իր ցուցմունքներում հայտնել է, որ իր որդին դեպքի օրը ունեցել է 2 զենք, որից «Բերետան» մի քանի օր առաջ էր ձեռք բերել, և ցանկացել էր օրինականցնել և նվիրել իրեն»,-ասաց նա:
Ա. Հարությունյանի խոսքով` նշյալ զենքից այդ վայրում հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ:
«Ավետիք Բուդաղյանին պատկանող «P. BERETTA CAL 9m 234455»-ը ևս ինքնաշեն է և ապօրինի»,-ասաց նա:
Նրա խոսքով` ապացուցվել է, որ դեպքի վայրում գործածվել են 3 զենք, որից մեկը եղել է Տիգրան Խաչատրյանի մոտ և նրանից կրակվել է 5 անգամ, Զարզանդ Նիկողոսյանի մոտ եղած զենքից կրակվել է 6 անգամ, իսկ Ա. Բուդաղյանի ատրճանակից կրակվել է 2 անգամ:
Հարցին` իսկ այն, որ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, կրակոց է եղել նաև Ս. Խաչատրյանի դղյակի կողմից, նա նշեց, որ դա հնարավոր չէ ապացուցել, քանի որ դեպքը տեղի է ունեցել մթության մեջ:
«Կրակոց չի եղել թիկունքից: Ավետիք Բուդաղյանի մարմնից հայտնաբերվել երկու գնդակներ, որոնք, պարզվել է, որ արձակված են եղել Տ. Խաչատրյանի զենքից: Դեպքի վայրում փորձաքննությանը մասնակցել է նաև Հայկ Ալումյանը և ականատես եղել, որ այդ վայրում պատշգամբ չկա, որից հնարավոր լինի կրակել: Երևի այդ պատճառով էլ դա հետագայում անվանվեց երկրորդ հարկ, հետո էլ` պատուհան»,-ասաց Ա. Հարությունյան:
Նշենք, որ Հ. Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ Ս. Խաչատրյանի կինը` Լորետա Բարսեղյանը դեպքի օրը բղավել էր. «Սուրիկ, Էս ինչ արիր, բա ասում էիր` ըսենց բան էլ չի լինի»:
Ա. Հարությունյանի խոսքով` Լ. Բարսեղյանը ցուցմունք է տվել, որ նման բան չի եղել, քանի որ ամուսինը դեպքի ողջ ընթացքում քնած է եղել և անտրամաբանական կլիներ նման բան ասելը: «Ինքը Արտակ Բուդաղյանն էլ, երբ մատնանշել է դեպքի վայրում եղած մարդկանց, Ս. Խաչատրյանի անունը չի տվել»,-ասաց նա:
Հարցին` իսկ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն, որ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը կաշառք է ստացել այս գործով և ընդհանրապես որևէ ճնշումներ եղե՞լ են քննչական մարմնի վրա, նա նշեց, որ կաշառքի տեղեկատվության վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում, իսկ ճնշումներ քննչական մարմնի վրա լինել չեն կարող:
Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:
Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Նախորդող հրապարակում` «Ս. Խաչատրյանի կողմը «պաշտպանվելու համար» կրակել է 11, Բուդաղյանը` 2 անգամ»
Բուդաղյանների պաշտպան. Մենք բողոքարկելու ենք այդ որոշումները