12/09/2013 19:49
Խաչիկյանի գործով երկրորդ վկան է մահացել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվել է դատակոչված 1 վկա՝ Դոնարա Եփրեմյանը:
«Փաստինֆոն» տեղեկացնում է, որ դատակոչված մյուս վկան Սամվել Գալոյանը, պարզվեց մահացել է, և դատարանը որոշել է ընթերցել նախաքննական մարմնին տված վկայի ցուցմունքը:
Նշենք, որ այսօրվա նիստում նախատեսվում էր հարցաքննել Ռուբիկ Մնացականյանին, ում հարցաքննելու համար դատարանը դեռ 2 շաբաթ առաջ գրություն էր ուղարկվել Արթիկի մեկուսարան, որտեղ գտնվում է վկան: Սակայն վկային այսօր չէին բերել դատարան և նրա հարցաքննությունը ևս մեկ շաբաթով հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17– ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները:
Բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը:
Բացի Խաչիկյանից՝գործով որպես մեղադրյալ անցնում է ևս 26 մարդ, որոնցից 6-ը կալանավորված է:
Նախորդող հրապարակումներ՝ Խաչիկյանի գործով վկան մահացել է