13/09/2013 17:02
Աղվան Հովսեփյանը համբուրեց դատախազության շենքի դուռը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից այսօր՝ սեպտեմբերի 13-ին ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների և ՀՀ միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավական ոլորտում համագործակցության համաձայնագրի 15-րդ փոփոխությունը, որով Հայաստանի դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար կհատակցվի 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն:
Ստորագրումից հետո Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դուրս եկավ դատախազության շենքից` համբուրելով դուռը ու ձեռքսեղմումներից հետո պատասխանեց շենքի դիմաց հավաքված լրագրողների մի քանի հարցերին:
«Դատախազության համակարգում աշխատում եմ շուրջ 40 տարի, որից 15-ը ղեկավարում են այն: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ բախտ է վիճակվել զբաղեցնել այդպիսի բարձր պաշտոն և ծառայել պետականությանը»,-ասաց նա, նշելով, որ այդ տարիների ընթացքում արել է ամեն ինչ, որ համակարգում առաջադրված խնդիրները լուծվեն արդարադատության սահմաններում:
«Ուզում եմ շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին, կառավարությանը, ԱԺ-ին, իմ գործընկերներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, իմ ընտանիքին, ձեզ` հարգելի լրագրողներին, այդ բոլորի օժանդակությամբ կարողացա կատարել իմ պարտականությունները»,-ասաց նա:
Հարցին` իսկ շարունակելու է հասարակական գործունեությունը, նա նշեց, որ լինելու է ավելի ակտիվ, քանի որ «մեր հանրության մեջ, ցավոք սրտի, թույն կաթացնողները շատ են, իսկ իր արածը հակաթույն է այդ թույնի դեմ»:
«Մենք դեռ միասին աշխատելու ենք»,-ասաց նա, չհստակեցնելով, թե որ ոլորտում, ապա հանեց պիջակը, դրեց թևի տակ և ծափահարությունների ներքո հեռացավ դատախազության շենքից: