13/09/2013 10:00
Մարզպետի և իր հովանավորի հարաբերությունները լարվել են
«Հրապարակը» գրում է, որ չնայած Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետ դարձավ Քլոսի` ԱԺ ջերմուկցի պատգամավոր Աշոտ Արսենյանի ջանքերի շնորհիվ, սակայն նրանց հարաբերությունները վատացել են: Պատճառների մասին չեն ասում. «Ինչո՞ւ էդպես «վատացաք»» հարցին մարզպետի կողմը հարցով է պատասխանել. իսկ Աշոտն ո՞ւմ հետ է լավ, որ մեր հետ լավ լինի:
«Վայոց Ձորի բոլոր մարզպետների հետ Քլոսն ունեցել է շատ վատ հարաբերություններ, անգամ քրոջ ամուսնու` Պանդուխտ Մանուկյանի, և արել է ամեն ինչ, որ վերևները թե' Պանդուխտին, թե' Սերգեյ Բագրատյանին վատ աչքով նայեն: Հերթը Էդգար Ղազարյանինն է, որը երկար ժամանակ աշխատել է «Ջերմուկ գրուպում», որպես գովազդային մարկետինգի կազմակերպիչ: Ի դեպ, օրերս Ջերմուկ էր այցելել Մոնտե Կառլոյի քաղաքապետը, որին Ջերմուկով մեկ ուղեկցում էին մարզպետն ու Ջերմուկի քաղաքապետը, իսկ Քլոսը, որ համարվում է էդ կողմերի «նայողը», չկար»,- գրել է թերթը: