13/09/2013 12:48
Ատոմակայանում 20 տարուց ավելի պահվող դեֆեկտ ունեցող վառելիքը հետ կուղարկվի
Կառավարության այսօրվա նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն միջուկային նյութերի արտահանման լիցենզիա ստացավ: Նախագիծը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և հայտնեց, որ խոսքը ատոմակայանում գտնվող 7 միջուկային վառելիքի հավաքվածքի մասին է, որը երկար ժամանակ է՝ ատոմակայանում է։
Նախարարն ասաց, որ տեեխնիկական դեֆեկտներ են եղել և դրանք հնարավոր չի եղել օգտագործել:
«Տարիների շարունակ փորձել ենք դրանք վերադարձնել գործարան, սակայն չեն համաձայնել, հիմա համաձայնել են, որ հետ տանք արտադրող գործարանին որոշակի գնով: Այսօր որպես հումք 0.7% հարստացված ուրանը վաճառվում է 40-50 ԱՄՆ դոլարով, մենք պայմանավորվել ենք, որ 5000 դոլարով վաճառել 1կգ-ը»,- ասաց նա:
Երկու օրից անհրաժեշտ միջուկային վառելիքը ինքնաթիռով հասնելու է Հայաստան, այդ նույն ինքնաթիռով էլ հետ կուղարկվի վերը նշված վառելիքը:
Հավաքվածքները Հայաստան են ներկրվել 1977-1987թթ-ին: