14/09/2013 09:21
Մաքսային միությանն անդամակցելու դեպքում բյուջեն վնասներ կկրի
Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության, 2014 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 272 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1 տրլն 145 մլրդ դրամ:
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ` այս խոշորացված ցուցանիշները երեկ կառավարությունն ընդունել է ի գիտություն: Մաքսային միության անդամ դառնալու պարագայում Հայաստանի բյուջեի եկամուտները կաճե՞ն, թե կնվազեն: Երեկ, թերթի լրագրողը նման հարց է ուղղել ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, որը նիստում ներկայացրել է վերը բերված ցուցանիշները: «Բյուջեի այս նախագծում, որը այսօր ներկայացված է, այդ գործոնները դեռևս հաշվի չեն առնված»,- ասել է փոխնախարարը:
«Նկատենք, որ նախատեսվում է հենց 2014 թվականի հունվարի 1- ից Հայաստանը մտցնել Մաքսային միություն, ինչի դեպքում պետբյուջեի եկամուտները մեղմ ասած էական փոփոխություններ են կրելու, քանի որ ՀՀ սահմանին գործելու է մաքսային նույն ռեժիմը, ինչ ՌԴ-ի սահմանին է: Օրինակ Հայաստանում ներկայումս հավաքագրվող ամբողջ ԱԱՀ-ի մոտ կեսը գանձվում է ներկրվող ապրանքներից հենց սահմանին: Իսկ Մաքսային միության սահմանին ԱԱՀ-ն չի գանձվում: Այլ կերպ ասած, երեկվա ներկայացված ցուցանիշները բոլորովին էլ վերջնական չեն»,- հավելել է թերթը: