14/09/2013 09:57
«Անլուրջ են գլխավոր դատախազի պաշտոնում նշանակման մասին խոսակցությունները»
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում բացառել է, որ իր թեկնածությունը կարող է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
-Պարոն Հարությունյան, ձեր անունը ևս շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուների շարքում, հնարավո՞ր է ձեր առաջադրումը:
-Անլուրջ խոսակցություններ են:
-Բացառու՞մ եք:
-Այո:
ՀՀ ապագա գլխավոր դատախազի անունը դեռևս անհայտ է: Հավանական թեկնածուներից մեկի՝ Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի անունը ևս երեկ ըստ որոշ լրատվական կայքերի, շրջանառությունից դուրս է եկել: Նա առողջական խնդիրներ ունի:
Քաղաքական շրջանակներում արդեն կարծում են, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելու է խիստ «էկզոտիկ» որևէ անձի և դա է պատճառը, որ թեկնածուի անունը մինչև հիմա գաղտնի է պահվում: Մինչև Սերժ Սարգսյանը ԱԺ-ին կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի անունը, երեկ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: