16/09/2013 14:51
«55 համայնքներում կոոպերացիներ են գործում. Մի մասը լավ, մյուսը` վատ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուղատնետսություն ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը լրագրողներին ներկայացրեց, թե ինչպես են ծախսել Համաշխարհային բանկի կողմից տրված 17 մլն դոլարը:
Ծրագիրը միտված է հեռագնա արոտների օգտագործմանը, ծրագրում ընդգրկված 6 անասնապահական մարզերի 55 համայնքներում գյուղացիների եկամուտների ավելացմանը, կաթնատվության և մսատվության բարձրացմանը և այս ամենը կոոպերացիաների ֆոնին:
Aysor.am-ի հարցին՝ սկզբում կոոպերացիաների գաղափարն էր, թե՞ Համաշխարհային բանկի 16 մլն դոլարանոց ծրագիրը, բանախոսը հստակ պատասխան չտվեց:
Գ. Խաչատրյանը նշեց, որ կոոպերացիների ստեղծման գաղափարը հեշտ չի եղել իրացնել համայքներում, ժողովներ ու քննարկումներ են կազմակերպել, աշխատել են գյուղացիների հետ և արդեն 55 համայնքներում կոոպերացիները գործում են` մի մասը լավ, մյուսը` վատ. «Մարդիկ վերջին 20-25 տարում հետ են վարժվել միասին աշխատելուց»:
Նա նաև հաշվարկներ բերեց, որ կոոպերացիաներով աշխատող համայնքներում ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների կաթնատվությունը և ըստ այդմ՝ գյուղացիների եկամուտները, ինչը և ակնկալվում էր ծրագրից:
Նշենք, որ ծրագրի բաղադրիչներից մեկը, Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ անասնաբուժությունն ու արհեստական սերմանվորումն էր:
Aysor.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է անասնաբուժության հետ կապված իրավիճակը` այս տարի խոշոր եղեջերավոր կենդանիների շրջանում տարածված բրուցելոզ հիվանդության ֆոնին, Գ. Խաչատրյանը պատասխանեց, որ անանսնաբուժությամբ չեն զբաղվում, այլ միայն արհեստական սերմնավորման խնդիրներով: Իսկ թե մինչև այդ ծրագրի բաղադրիչներում ինչո՞ւ էր նշել անասնաբուժության ոլորտը` մնաց անհասկանալի: