17/09/2013 09:37
Արմեն Մարտիրոսյանին ծեծելու գործը ՀՔԾ-ն կարճել է
Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, բոլորի աչքի առջև ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) կարճվել է:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդը» տեղեկացել է, որ նա օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել այսպիսի բովանդակությամբ. «Գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հետևանքով»:
Թե ինչ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել մեր երկրում, պարզ չէ: Գուցե ՀՔԾ-ո՞ւմ է ինչ-որ բան փոխվել: Բայց փաստ է, որ օրը ցերեկով Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանները մնացին անպատիժ: Իսկապես որ ՀՔԾ-ում հատուկ քննություն իրականացվեց այս մասով:
Հայտնի փաստերը կոծկելու հնարավորություն չունենալով՝ այս մարմնում որոշեցին «իրավիճակ փոխել»: Ա. Մարտիրոսյանի համար ամեն ինչ պարզ է, քանի որ նրան տեղեկություններ են հասել, որ դեպքից հետո ոստիկանության համակարգից երկու աշխատակից հեռացվել են: