18/09/2013 16:18
Ս. Օհանյան. Պատրաստ ենք հետ քաշել դիպուկահարներին, ընդ որում` առանց վախի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առկայությունն այս տարածաշրջանում ոչ մի կապ չունի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ, սա իմ` անհատական կարծիքն է: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով` ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության ու ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:
«Բացի այդ, խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, մենք պետք է հասկանանք, որ այն մի մասն է կազմում մեր պատմական Ղարաբաղի: Ոչ թե ԼՂԻՄ-ից ավել է, այլ` այն մի մասն է պատմական Ղարաբաղի, սա եթե մենք անդրադառնանք մեր պատմա-իրավական աղբյուրներին: Ես հաճախ եմ կրկնում մի արտահայտություն, կասեմ նաև այսօր` մենք ևս մեկ անգամ երբեք չենք հայտնվելու պարտադրված իրավիճակում: Մենք արդեն մեկ անգամ ներքաշվել ենք պատերազմի մեջ ու այդ պատերազմում ունեցել ենք հաջողություն, ստեղծել ենք անվտանգության գոտի և այդ անվտանգության գոտին է այսօր Ղարաբաղի խաղաղ բնակչության գործունեությունը: Բայց երկրորդ պարտադրված պազտերազմը` չի լինելու»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացում պետք է ստեղծել վստահության մթնոլորտ ու հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով:
Aysor.am- ի խնդրանքով նախարարն անդրադարձավ նախօրեին տարածված Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանը դարձյալ չի պատրաստվում հետ քաշել դիպուկահարներին առաջին գծից:
«Մենք հասկանում ենք, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն երկխոսության միջոցով: Եթե լինեն որոշակի զիջումներ անգամ, ապա դրանք պետք է լինեն փոխադարձ: Մենք պետք է այնպես անենք, որ բանակցային գործընթացին շփման գծում տիրող իրավիճակը չխանգարի: Որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրել է մի քաղաքականություն, երբ բանակցային տարբեր հանդիպումներից առաջ և հետո արհեստական լարվածություն է ստեղծվում առաջին գծում` դիվերսիոն գործողություններ, դիպուկահարներ: Սրանց մենք, իհարկե, արժանի կերպով պատասխանում ենք և այդ վստահության եզրերի ստեղծման մեջ դիպուկահարների հետ քաշելը, զերծ մնալը դիվերսիոն-հետախուզական գործողություններից չափազանց կարևոր են»,- ասաց Սեյրան Օհանյանն ու ևս մեկ անգամ վերահաստատեց դիպուկահարների հարցում Հայաստանի դիրքորոշումը.
«Մենք ասում ենք նորից` պատրաստ ենք անել այդ քայլն ու ստեղծել վստահության եզրեր: Մենք պատրաստ ենք հետ քաշել մեր դիպուկահարներին` ընդ որում` առանց վախենալու:
Քանի որ մենք ի վիճակի ենք հակառակորդի ցանկացած կրակոցի դեպքում մեր հետ քաշված դիպուկահարներին մի քանի րոպեների ընթացքում դարձյալ հանել առաջին գիծ ու պատասխան հարված հասցնել: Այդ առումով մենք շարունակում ենք մնալ մեր տեսակետին, բայց պետք է հասկանալ, որ սա ոչ թե միակողմանի պարտադրանքի արդյունք է, այլ` ամենանորմալ քայլը, բանակցային գործընթացում փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու համար»,- ասաց Պաշտպանության նախարարն ու ավելացրեց.
«Ինչ վերաբերում է հակառակորդի կրակը կանխարգելելուն կամ պատասխան հարված տալուն, մենք պրոբլեմ չունենք»:
Նախորդող հրապարակում` Ադրբեջանի ՊՆ. Դիպուկահարներին չենք հեռացնի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել