18/09/2013 17:33
Տիգրան Առաքելյանը կմնա կալանքի տակ. Դատարանը հաշվի չառավ երաշխավորագրերը
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը` Տ. Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Դատարանի դահլիճում Մ. Շուշանյանը ընթերցեց Տ. Առաքելյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձելու պահանջով 100-ից ավելի երաշխավորագրերը` ստորագրված մի շարք քաղաքական, հասարակական գործիչների և լրագրողների կողմից:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը մայիսի 8-ին որոշել էր ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բեկանել և գործը ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ըստ ոստիկանության՝ գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Նրանք նաև նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Նախորդող հրապարակում` Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
ԱԺ մի խումբ պատգամավորներ կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին
Դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը