20/09/2013 09:25
Ֆինանսների նախարարությունը գումարը բաշխում է յուրայինների միջև
«Չորրորդ իշխանությունը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Եվրոպացիները բավականին լուրջ գումարներ են հատկացրել Հայաստանի կառավարության բարձրագույն տեղեկատվական տեխնալագիաների ոլորտի զարգացման համար: Գումարները, որոնք դրամաշնորհների և վարկերի տեսքով են տրամադրել Հայաստանին, պետք է տրվեն կոնկրետ ընկերությունների, որոնք պետք է մասնակցեն նախապես հայտարարված մրցույթին, ապա շահեն այն` կարողանալով ստանալ գումարը: Այսինքն` դրամական հոսքերը պետք է ուղղվեն ոլորտում գոյություն ունեցող այն ընկերություններին, որոնք կմասնակցեն մրցույթին և կշահեն տենդերը` համապատասխան ֆինանսավորմամբ»:
Մինչդեռ, թերթի տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որն ստացել է ֆինանսավորումը, այդ գումարները բաշխում է յուրային ընկերությունների միջև: Անցկացվող մրցույթները ձևական բնույթ են կրում, քանի որ իրականում ի սկզբանե որոշված են լինում «հաղթողները»: Թերթի տեղեկություններով` ոլորտի առաջատար ընկերությունները մտահոգված են այս փաստով, և առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողությունների դիմել: