20/09/2013 14:01
Ազատամարտիկն «անհետացել է». Ռազմական ոստիկանությունն ասում է՝ տեղյակ չեն
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գտնվելու վայրը սեպտեմբերի 19-ից հայտնի չէր: Civilnet.am գործակալության հետ զրույցում նրա ազատամարտիկ ընկերները հայտնել են, որ նրա գտնվելու վայրի մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա, և ընտանիքի անդամները նույնպես տեղյակ չեն:
Ազատամարտիկի ընտանիքի անդամները տեղեկացրել են, որ նրանց զանգահարել են Ռազմական ոստիկանությունից և հայտնել, որ Վոլոդյա Ավետիսյանն իրենց մոտ է: Ոստիկանությունից խնդրել են ներկայացնել ազատամարտիկի անձնագիրը:
Aysor.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել ռազմական ոստիկանությունից, բայց անյտեղից հայտնեցին, որ նման ինֆորմացիա չունեն և այդ հարցով պետք է դիմել Պաշտպանության նախարարություն:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն առաջինն էր, որ այս տարվա մայիսին նստացույց հայտարարեց` բարձրաձայնելով ազատամարտիկներին մտահոգող սոցիալական խնդիրներ: Նա երկու անգամ մասնակցել է վարչապետի հետ ազատամարտիկների հանդիպմանը և վերջին անգամ կառավարության ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ իրենց բարձրացված խնդիրները չեն լուծվել: