20/09/2013 15:40
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ. ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանն առաջինն էր, որ այս տարվա մայիսին նստացույց հայտարարեց` բարձրաձայնելով ազատամարտիկներին մտահոգող սոցիալական խնդիրներ: Նա երկու անգամ մասնակցել է վարչապետի հետ ազատամարտիկների հանդիպմանը և վերջին անգամ կառավարության ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ իրենց բարձրացված խնդիրները չեն լուծվել:
Նախորդող հրապարակումներ` Ազատամարտիկն «անհետացել է». Ռազմական ոստիկանությունն ասում է՝ տեղյակ չեն
Մինչև խոստումը հրաման չդառնա, կպայքարենք. Ազատամարտիկը նստացույց է սկսում