23/09/2013 13:10
Վարդան Սեդրակյանի պաշտպան. Դիմելու ենք ՄԻԵԴ
Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց ԱԻՄ առանջորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավճիռը:
Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի, Խաչատուր Պողոսյանը՝ 14, Սամվել Հարությունյանը 12 տարի ազատազրկման:
Վ. Սեդրակյանը դատավճիռը լսելուց հետո լրագրողներին ասաց, որ իր համար այս վճիռը անսպասելի չէր. «Իսկ ի՞նչ է, դուք չէիք հետևում դատավարության ողջ ընթացքին»:
Դատարանի դահլիճում ներկա Վ. Սեդրակյանի որդին և կինը հուզված հեռացան դատարանից: Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք անպայման բողոքարկելու են այս դատավճիռը:
«Մենք ուզում ենք արագ սպառել մեր երկրի դատական ատյանները և դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ասաց Ա. Սիրունյանը:
Նրա խոսքով` իր պաշտպանյալի մեղքը ապացուցված չէ, ապացուցված չէ նաև, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակել են:
Հարցին` իսկ կարո՞ղ էր դատավորը հաշվի չառնել այն, որ մեղադրյալները հրաժարվել էին Վ. Սեդրակյանի դեմ տված ցուցմունքներից, նա նշեց, որ դրա համար կա դատավորի «ներքին համոզմունք» հասկացությունը:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Խաչատուր Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերելով` 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Սամվել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պաչույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:
Նախորդող հրապարակում` Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման