25/09/2013 15:05
Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել. Նա կալանավորված է
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը «խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ. Զաքարյանի թոռան պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար»:
Ըստ քննությունն իրականացնող մարմնի` դեպքը տեղի է ունեցել մեկուկես ամիս առաջ՝ սույն թվականի օգոստոսի 13-ին: Գնդապետի պաշտպան Արա Զաքարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չէր բացառել, որ, հնարավոր է, իր պաշտպանյալին մեղսագրված արարքը կապ ունենա ամիսներ շարունակ պահեստազորի գնդապետի կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հետ:
Նախորդող հրապարակումներ՝ Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով