26/09/2013 18:32
12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը
Այսօր Հանրային խորհրդում տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի հետագա ճակատագրին վերաբերող քննարկումը: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վաչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը ներկայացրեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բիզնես պլանը, որում ի թիվս առաջիկա տարում կատարվելիք աշխատանքների և պլանների, ներկայացրել է նաև օդանավակայանի հին մասնաշենքի քանդելու հարցը:
«Այն որոշումը, որ կընդունի հանրությունը, կլինի որոշիչ: Մենք շենքը պահպանելու խնդիր ունենք, այն այժմ անմխիթար վիճակում է` քանդվելու վտանգի առաջ: Մենք առաջարկել ենք նախահաշիվ ներկայացնել, թե որքան գումար կպահանջվի շենքը պահպանելու համար: Պարզվել է, որ ամենաքիչը 10-12 մլն դրամ է պետք միայն նրա համար, որ շենք ամրացվի»,- ասաց նա` հավելելով, որ կոնցեսիոները մի քանի հիմնավորում է ներկայացրել շենքը քանդելու առաջարկին:
Բացի այն, որ շենքն անմխիթար վիճակում է, կոնցեսիոները մտադիր է ընդլայնել օդանավակայանը դեպի աջ և հին մասնաշենքն այդ գործընթացն անհնար է դարձնում: Քննարկմանը ներկա ճարտարապետ Հրաչ Պողոսյանն այստեղ հարց ուղղեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցչին`հետաքրքրվելով, թե ինչո՞ւ պիտի օդանավակայանը դեպի աջ ընդլայնվի, երբ կարելի է կառուցապատումը կատարել ձախ կողմում: Ի պատասխան Աշոտ Ազիզյանն ասաց, որ այնտեղ արդեն շենքեր կան, իսկ Հրաչ Պողոսյանը հակադարձեց, որ դրանք վատ են կառուցված ու հենց այդ շենքերը պետք է քանդվեն:
«Ինչո՞ւմն է կայանում այս շտապողականությունը, կա՞ նախագծանախահաշվարկային փաստաթուղթ, կա՞ սեյսմիկ իրավիճակի ուսումնասիրություն, չէ՞ որ այդ շենքը մի քանի տարի առաջ աշխատում էր: Ավելին, նման կորպուս նախատեսվում էր կառուցել նաև ձախակողմյան մասում, ինչո՞ւ այդ ուղղությամբ չի գնացել քաղաքականությունը, այլ որոշվել է քանդել այն»,-հետաքրքրվեց ճարտարապետը:
Ի պատասխան Ազիզյանն ասաց, որ նախագծահաշվարկային փաստաթուղթ, երևի կա.
«Օդի մեջ թիվ չէին ասի: Բոլորս գիտեինք` ինչպես էր շահագործվում, միշտ իջնելուց կամ բարձրանալուց վտանգ կա: Ես էլի եմ կրկնում՝ ինքներդ կարող եք առաջարկներ անել, որոշումը, որը կկայացնի հանրությունը կլինի ընդունելի»,- ասաց Ազիզյանը:
Ազիզյանը հստակ չպատասխանեց նաև ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի այն հարցին, թե ինչ է գրված շենքի հետագա շահագործման վերաբերյալ մայր պայմանագրում:
Քննարկմանը նեկայացվեց նաև Հանրային խորհրդի ավիացիոն ենթահանձնաժողովի դիրքորոշումը: Ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելա Մուրադյանն ասաց, որ իրենք դեմ են, որ շենքը քանդվի, ուստի մի քանի առաջարկներ են ներկայացրել այն փրկելու համար.
«Կառավարությունը խոսատեցել է, որ «Զվարթնոցը» պետք է դառնա միջազգային նշանակություն ունեցող օդանավակայան, ուստի լավ կլիներ եթե կլոր շենքում բացվեր տարանցիկ գոտի: Ենթահանձնաժողովը խիստ բացասական կարծիք ունի քանդման վերաբերյալ և առաջարկում է, եթե ոչ այսպես, ապա գոնե փոքր ավիացիայի զարգացման խնդիրը լուծելու համար օգտագործել այս կառույցը: Թող այն լինի ներքին օդանավակայան»:
«Ձեր հանձնաժողովը մի քիչ էլ կոնցեսիոների տեսանկյունից պետք է նայի հարցին: Հսկայական ծախսեր է արել կոնցեսիոները: Տրանզիտային ուղևորները նոր օդանավակայանն էլ է սպասարկում, ո՞րն է նպատակը ավելորդ ծախսեր անելու»,-Մուրադյանին հակադարձեց Աշոտ Ազիզյանը:
Քննարկման ավարտին ճարտարապետներն ասացին, որ իրենք դեմ են շենքը քանդելու մտադրությանը և խնդրեցին Ազիզյանին գոնե քննարկման վերջում ասել, թե ի վերջո որն է Քաղավիացիայի գլխավոր վարչության դիրքորոշումը: Աշոտ Ազիզյանը պատասխանեց, որ իրենց որոշումը կլինի հանրության որոշումը. այն ինչ կորոշի հանրային խորհուրդը , կպաշտպանեն նաև իրենք:
Նախորդող հրապարակումներ`Վաղը կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հարցը