27/09/2013 14:16
Լ. Զուրաբյան. Գ. Կոստանյանը բոլոր առումներով ավելի ընդունելի է մեզ համար
«Մենք որևէ կասկած չունենք` հարցը վճռված է, պարզ է, որ Գևորգ Կոստանյանը լինելու է գլխավոր դատախազ և մենք այս պահին ուղղակի պետք է ելնենք անմեղության կանխավարկածից, այսինքն ինչ-որ ժամանակ պետք է հետևենք նորանշանակ գլխավոր դատախազի գործունեությանը»,- լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումը, հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Գ.Կոստանյանը բոլոր առումներով ավելի ընդունելի է մեզ համար, քան` Աղվան Հովսեփյանը, բայց դա մեզ համար որևէ նշանակություն չունի, որովհետև շատ լավ հասկանում ենք, թե ինչ համակարգում է նա աշխատելու»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է թեկնածուի հետ հանդիպմանը, ապա պատգամավորը նկատեց, որ Կոստանյանին լսելով, հասկացել են, որ նա պատրաստակամություն ունի աշխատելու. «Մենք ինչ-որ ժամանակ պետք է նրան տանք տեսնելու` արդյոք կարողանում է իսկապես արմատական փոփոխություններ մտցնել իրեն վստահված այդ բնագավառում»:
Շարունակելով խոսքը` Լ. Զուրաբյանն ասաց, որ իրենց խմբակցությունը դեռ չի քննարկել, թե ով ինչպես է քվեարկելու, բայց մի բան պարզ է` «պետք է հետևենք գործունեությանը, և եթե նա իր գործունեությանը մոտենա լուրջ պատասխանատվությամբ, մենք շատ օբյեկտիվորեն դա կգնահատենք: Եթե ոչ, ուրեմն ինչ-որ ժամանակ հետո հասարակությանը տեղյալ կպահենք մեր մոտեցումների մասին»: