27/09/2013 19:41
Սոս Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից
Սոս Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից, Համազգային թատրոնում: Վերջին հրաժեշտը` սեպտեմբերի 29-ին ժամը 12:00-14:00-ն, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Կյանքից հեռացավ մեր ժամանակների ականավոր դերասան, մշակութային ու հասարակական անվանի գործիչ ՀՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Արտաշեսի Սարգսյանը, ում անունը վաղուց ի վեր վայելում է համաժողովրդական սեր ու հարգանք և սերտորեն կապված է ազգային թատերարվեստի ու կինոյի ակնառու նվաճումների հետ:
Ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 24-ին, Ստեփանավանում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և սկսել իր ստեղծագործական ուղին Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1954 թ. ավարտել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:
Սոս Սարգսյանի արտիստական կենսագրության մի զգալի հատված կապվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հետ, որտեղ թափ է առնում նրա ինքնատիպ տաղանդը` գտնելով վառ ու անմոռանալի բեմական դրսևորումներ, որոնք աչքի են ընկել հոգեբանական ներթափանցումների խորությամբ, տարաբնույթ կերպարներ կերտելու հիրավի քանդակագործական արտահայտչականությամբ, ինչպիսիք էին, մասնավորապես՝ Զիմզիմովը, Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն արքան, «Հացավան» ներկայացման Մացակը, դերակատարություններ, որոնք իրավամբ կարելի է բնորոշել որպես արտիստի հեղինակային մեկնաբանության արգասիք:
Անպատկերացնելի է նաև վերջին հինգ տասնամյակների հայկական կինոն` առանց Սոս Սարգսյանի հարուստ ու բազմախորհուրդ անհատականության, որի մեջ արտացոլվել են հայ մարդու հոգեկերտվածքն ու կենսափիլիսոփայությունը, հարազատ հողի իմաստնությունը, պատմական փորձառությունն ու բարոյական ուժը: Հատկապես «Եռանկյունի», «Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Ձորի Միրո» կինոնկարներում և «Մատենադարան» ֆիլմաշարում Սոս Սարգսյանը կերտել է արդեն մի քանի սերունդների համար խորհրդանշական դարձած կերպարներ, որոնք մեր գիտակցության մեջ նույնանում են հայրենի բնօրրանի և մեր ժողովրդի կենաց արմատի հետ: Նրա տաղանդը նույնքան նկատելի դրսևորվեց մի քանի հանրածանոթ ռուսական ֆիլմերում. «Սոլարիս», «Առանց ընտանիքի», «Միխայիլո Լոմոնոսով» և այլն:
Արվեստագետ-մտավորականի տիպար. այսպես կարելի է բնորոշել Սոս Սարգսյանի նկարագիրը` ազգային իղձերի և արժեքների գիտակցությամբ համակված, որոնք նրա ստեղծագործական ու քաղաքացիական աշխարհայացքի միջնասյուներն էին և դրսևորվում էին ինչպես մշակութային, այնպես էլ հասարակական կյանքի ոլորտներում: Այդ գիտակցության թելադրանքով էր նա մասնակցում մեր ժողովրդի համար բախտորոշ իրադարձություններին, դժվարին ժամանակներում հիմնադրում Համազգային թատրոնը /1991թ./, որը ներկայացավ Վ. Շեքսպիրի, Էդուարդո դե Ֆիլիպոյի, Վ. Սարոյանի սարգսյանական բեմադրություններով ու դերակատարումներով, կրթում երիտասարդ սերունդ` 1997-2006թթ ղեկավարելով Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտը, որի կառավարման խորհրդի նախագահն էր մինչև իր կյանքի ավարտը, գրում հրապարակախոսական, խոհագրական և գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, և նույն ոգով աշխատում Հանրային խորհրդում:
Ականավոր դերասանի գործունեությունը բարձր է գնահատվել պետության ու ժողովրդի կողմից: 1972 թ. նրան շնորհվել է ՀՀ ժողովրդական, իսկ 1986 թ` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում: Տարբեր տարիների նրա ստեղծագործական նվաճումները երեք անգամ արժևորվել են պետական մրցանակով: Պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», Հայոց Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով, ԼՂՀ «Մխիթար Գոշ» մեդալով»,-ասված է նախարարության լրատվական բաժնի տարածած հաղորդագրության մեջ: