28/09/2013 13:48
Պատմական իրադարձություն. Իրանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ: Սա առաջին նման զրույցն էր վերջին 34 տարիների ընթացքում: Այս մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գիշերը, երբ Ռոհանին իր կեցավայրից ուղևորվում էր Նյու Յորքի օդանավակայան: (Ռոհանին արդեն վերադարձել է Իրան):
Զրուցակիցները քննարկել են երկկողմ խնդիրներին առնչվող հարցեր, շեշտել են միջուկային խնդրի արագ հանգուցալուծման գործում քաղաքական կամք դրսևորելու և տարածաշրջանային խնդիրների շուրջ երկկողմ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցով խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ նախագահների զրույցը կայացել է Հասան Ռոհանիի նախաձեռնությամբ և տևել է շուրջ 15 րոպե:
«Իրանական պատվիրակության կողմից մեզ տեղեկացրին, որ նախագահ Ռոհանին ցանկություն է հայտնել վերադարձի ճանապարհին հեռախոսազրույց ունենալ Օբամայի հետ, և մենք էլ կազմակերպեցինք այն և կառուցողական զրույց տեղի ունեցավ»,-հավելել է Սյուզան Ռայսը:
Հիշեցնենք, որ Նյու Յորքի կենտրոնակայանում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած հանդիպումից հետո կարճ հանդիպում էր կայացել նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Անցնող տարիների ընթացքում երկու երկների ղեկավարների միջև նամակագրություն, կամ անուղղակի շփումներ տեղի են ունեցել, սակայն առաջին անգամն էր, որ նախագահների մակարդակով հեռախոսազրույց և ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում է տեղի ունենում: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը: