30/09/2013 16:58
Գ. Կոստանյան. «Գոմեշի մսի» գործն ընդամենը խարդախություն է
Ցանկացած քաղաքական իրադարձության փոփոխություն չպետք է որևէ կերպ ազդի արդարադատության վրա: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը:
Արդարադատությունը, Գ. Կոստանյանի գնահատմամբ, պետք է վեր լինի քաղաքական, կուսակցական, քաղաքական և այլ մնացյալ երևույթներից:
Գլխավոր դատախազի թեկնածուին հարցով դիմեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ զինդատախազի պաշտոնում հասարակությունը նրանից գոհ չէ և օրինակ բերեց «գոմեշի մսի» գործը:
«Հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր Ձեր կողմից քննության չեն ենթարկվել: Ու թեև խորհրդարանական մեծամասնության քվեարկության արդյունքում Դուք կնշանակվեք գլխավոր դատախազ, սակայն դա դեռ չի նշանակում, որ բոլոր խմբակցությունները կողմ են Ձեր նշանակմանը»,- մասնավորապես ասաց Լ. Սարգսյանը:
Ի պատասխան Գ. Կոստանյանը նշեց, որ «գոմեշի մսի» գործն ընդամենը խարդախություն է, որ տավարի մսի փոխարեն մատակարարվել է գոմեշի միս:
«Այսինքն՝ տավարի մսի գնով մատակարարվել է ավելի ցածր գնով գոմեշի միս: Խնդիրն ինքնին գոմեշի միսը չէ»,- ասաց նա և հավաստիացրեց, որ ցանկացած անձ, ով ներգրավված է այս գործում, պատասխանատվության է ենթարկվելու: