01/10/2013 13:25
Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Հովսեփյանի` դիպլոմով տեսակը. Փաշինյան
«Մտածում էինք, թե ով կարող է ավելի վատ թեկնածու լինել դատախազի պաշտոնում, քան՝ Աղվան Հովսեփյանն է, սակայն դա կարող է լինել միայն Գևորգ Կոստանյանը»,- իր ելույթն այսպես սկսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա, ինչպես երեկ, այսօր նույնպես իր ելույթը կառուցեց հունիսի մեկին տեղի ունեցած սյունիքյան դեպքերի հիման վրա:
«Կոստանյանը, որ պետք է որպես զինդատախազ վերահսկեր հունիսի մեկին տեղի ունեցած սյունիքյան դեպքերի գործի նախաքննությունը, արեց նախաքննության ընթացքը կանխորոշող հայտարարություններ՝ ասելով, թե արյունահեղության ողջ ընթացքում Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել, սակայն հարց է առաջանում՝ կան արդյոք փաստեր»,- ասաց նա:
Ն. Փաշինյանը նշեց, որ նախաքննության մարմինը պատճաշ չի նույնականացրել, թե Բուդաղյանի ստացած չորս հրազենային վնասվածներից որ մեկը որ պահին որ դիրքով է եղել, կրակողի X դիքից հնարավո՞ր է արդյոք նման վնասվածք հասցնել Y դիրքում գտնվող թիրախին. «Վստահ եմ, որ այսքանը շատ կարևոր է, որովհետև պատշաճ նույնականացումը կպարզեր, որ մյուս վնասվածքները և թիվ մեկ վնասվածքը, որ դարձել էր Բուդաղյանի մահվան պատճառ, արձակվել էր ոչ Տիգրան Խաչատրյանի և ոչ էլ Զարզանդ Նիկողոսյանի կողմից, քանի որ նրանք գտնվում էին նույն հարթության վրա»:
Նա նաև պատահական չհամարեց, որ դեպքից հետո Սուրիկ Խաչատրյանի կողմանկիցները տարածեցին տեսագրություն՝ հիմանավորելու դեպքերի իրեց վարկածը. «Պատահական չէ, որ տարածվեց տեսագրության անձայն տարբերակը, իսկ ձայն ունեցող տեսագրության մեջ հստակ փաստ կարող է լինել, որ լրջորեն ուսումնասիրելու դեպքում` կարող է հիմք դառնալ, որ Սուրիկ Խաչատրյանը իրադարձությունների «պիկին» քնած չի եղել»,- ասած Փաշինյանը: Նա կրկնեց երեկվա իր ասածը և հիշեցրեց, որ ինչ-որ մեկը կանչում է Ավետիք Բուդաղյանին, ով կանգ է առնում և ստանում մահացու վնասվածքը:
«Նախաքննության մարմինը չի պարզել, թե ով է Ավետ կանչողը, և Կոստանյանը երեկ հայտարարեց, թե կարևոր չէ, թե ով է կանչողը, բայց ես պնդում եմ, որ էական է, քանի որ եթե պարզվի նրա ով լինելը և պարզվի, որ դա Սուրիկ Խաչատրյանն է, իսկ դա հավանական է, ապա Կոստանյանի առաջ քաշած վարկածը, թե Ս. Խաչատրյանը քնած է եղել, գլխովին կջախջախվի»,- մանրամասնեց պատգամավորը:
Այսպիսով, ըստ Փաշինյանի, փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում, որ զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանն ամեն ինչ արել է՝ շրջանցելու, լղոզելու բոլոր այն փաստերը, որոնք հնարավորություն կտային լրջորեն հետազոտել, թե ինչ է տեղի ունեցել հունիսի մեկին և այն, որ «Ավետիք Բուդաղյանին հասցված մահացու վնասվածքը կարող էր հասցվել Սուրիկ Խաչատրյանի կողմից, ընդ որում՝ փաստերը կարող էին վկայել, որ գործ ունենք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, այլ՝ Ա. Բուդաղյանին դիտավորությամբ սպանելու հետ»:
«Իրավատեր երկրում այսպիսի փաստերի առկայությամբ Կոստանյանին ոչ թե գլխավոր դատախազի թեկնածու կառաջադրեին, այլ՝ զինդատախազի նրա պաշտոնավարումը կկասեցնեին և կքննարկեին որպես կասկածյալ նրա ներգրավելու հարցը, բայց ունենք այն, ինչ ունենք, և ակնհայտ է, որ գլխավոր դատախազի պաշտոնում Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան՝ Աղվան Հովսեփյանի` Նոթինգհեմի դիպլոմով տեսակը»,- ընդգծեց նա:
Ամփոփելով խոսքը՝ Ն. Փաշինյանը նշեց, որ ինքը դեմ է քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը: