01/10/2013 13:52
Ադրբեջանագետ. Իլհամ Ալիևը ավելի կանխատեսելի է Հայաստանի համար
«Ադրբեջանը նախագահական ընտրությունները ցանկանում է ներկայացնել որպես շոու և գրանցվել են բազմաթիվ թեկնածուներ, որպեսզի արտաքին լսարանին ցուցադրեն ազատ խոսքի առկայություն և այլընտրանքային ընտրություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նա նշեց, որ ընդդիմադիր թեկնածուների պաստառները պոկվում են քաղաքների փողոցներից և թեկնածուները այդ հարցով արդեն դիմել են ԿԸՀ-ին:
«Ադրբեջանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Իլհամ Ալիևը կարողանում է շեղել հասարակության ուշադրությունը դեպի մանր խնդիրներ և օգտագործել այդ իրավիճակը ի օգուտ իրեն»,-ասաց Ս. Ասատրյանը:
Ըստ նրա, Ադրբեջանի ընտրություններում թեկնածուների մեծամասնությունը չունեն այն ռեսուրսները և հնարավորությունները, որպեսզի մրցակցեն Իլհամ Ալիևին:
«Իլհամ Ալիևը մաքրում է իր ճանապարհը նախագահի աթոռը կրկին զբաղեցնելու համար»,-ասաց ադրբեջաագետը:
Ս. Ասատրյանը, պատասխանելով այն հարցին, թե ո՞ր թեկնածուն է ձեռնտու Հայաստանին, նշեց, որ Իլհամ Ալիևը ամենայն հավանականությամբ կրկին կդառնա Ադրբեջանի նախագահ և Իլհամ Ալիևը չնայած ռազմական հռետորաբանութանը ավելի կանխատեսելի է Հայաստանի համար և չի գնա ավանտյուրաների: