01/10/2013 12:30
Հրայր Թովմասյան. Տիգրան Առաքելյանին ազատ կարձակեն
Այսօր առավոտյան ԱԺ-ում տեղի է ունեցել խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստ, որի ընթացքում հանձնաժողովը քննարկել է ՀՀ Նախագահի կողմից խորհրդարան ներկայացված համաներում հայտարարելու մասին առաջարկությունը։
Նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ Նախագահի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը, և համաներման տեքստն արդեն պատրաստ է։
Ի պատասխան հարցին, թե ո՞ւմ վրա է ազդելու համաներումը, նախարարը մի հայտնի անեկդոտ հիշեց.
«Մեկին հարցնում են՝ Հայրենական պատերազմի ժամանակ քանի՞ մարդ է մահացել, սա ասում է՝ քսան միլիոն, ասում է՝ դե բոլորի անունն ասեք»:
Համաներումը, նախարարի խոսքով, պետք չէ շփոթել ներման հետ.
«Ներման ժամանակ են անուններ լինում, համաներման ժամանակ լինում է արարք, հոդված, այնպիսիք, ինչպիսիք են՝ առաջին անգամ դատապարտված, մինչև տասնութ տարեկանը հանցագործություն կատարած, հղի վիճակում, մինչև երեք տարեկան երեխա ունեցող և այլն»:
Կոնկրետ հարցին, թե համաներման արդյունքում Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի՞, արդարադատության նախարարը հստակեցրեց, որ Տիգրան Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ:
«Համաներումը ենթադրում է, որ կալանավորների մի մասը միանգամից կազատվեն, մյուսների պատժի չկրած մասը կկրճատվի և կան հոդվածներ, որոնց վրա ընդհանրապես համաներումը չի տարածվի»,- մանրամասնեց նախարարը:
Հ․Թովմասյանը հայտնեց, որ 2011-ին համաներումն ազդել է 1200 կալանավորի վրա:
Այս տարի գուցե ավելի շատ կալանավորներ ազատության մեջ հայտնվեն, քանի որ սահմանափակման տակ չընկած հոդվածների քանակը մեծացել է: