01/10/2013 16:25
ԱԺ-ում քննարկվում է համաներման հարցը. Անմիջապես ազատ կարձակվի մոտ 500 մարդ
Խորհրդարանում հատուկ ընթացակարգով այս պահին քննարկվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողով ներկայացված համաներում հայտարարելու մասին առաջարկությունը։
«Համաներման որոշում կայացնողները մոռանում են կամ ներում։ Կա, իհարկե, հանցագործություն, բայց դրա կողքին կա նաև ներում, և Սահմանադրությունն այդ իրավասությունը տվել է ՀՀ Նախագահին և ՀՀ Ազգային ժողովին»,- ներկայացնելով համաներման փաստաթուղթը՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Համաներման որոշման կայացման համար, նախարարի խոսքով, մեծ նշանակություն է ունեցել նախորդ համաներման արդյունքը. 2011-ի համաներումից հետո կրկնահանցագործություն են իրականացրել 1056 ազատ արձակվածների 20 տոկոսը. «Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ համաներումը ծառայել է իր նպատակին»:
Այսպես՝ համաներումը, Հ. Թովմասյանի խոսքով, 1/3-րդ-ով տարածվում է հետևյալ հանցակազմերով հոդվածների վրա՝ գողություն, խարդախություն, իրացնելը կամ վատնելը, հափշտակում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի միջոցով, ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը, դիտավորությամբ ոչնչացնելը և այլն։ Համաներումը ¼-րդ-ով կրճատում է պատժաչափի չկրած մասը հետևյալ հանցակազմերի դեպքում՝ մարդուն առևանգելն, ազատությունից ապօրինի զրկելը, ավազակությունը, կողոպուտը, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը և այլն։
«Համաներում է կիրառվելու նաև ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ, ինչը երբևէ չի եղել՝ սպանություն, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը և այլն: Այս դեպքում առաջարկվում է պատժի չկրած մասը կրճատել վեց ամսով և այս խմբի մեջ մտնում են երկար ժամանակով ազատազրկված անձինք»,- ասաց Հ. Թովմասյանը:
Շարունակելով խոսքը՝ նախարարը հայտնեց, որ համաներումը տարածվելու է նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցողների, հանցագործությունը մինչև 16 տարեկանը կատարած անձանց, հայրենական կամ արցախյան պատերազմի մասնակիցների, մարտական գործողություններում զոհվածի ծնողների կամ զավակների վրա։
Ինչ վերաբերում է այն հոդվածներին, որոնց վրա չի տարածվում համաներումը, ապա դրանք են՝ բռնաբարություն, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, անառակաբարո գործողություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, բանդիտիզմ, իշխանության յուրացում, լրտեսություն, պետական կամ հասարակական-քաղաքական գործչի սպանություն, ագրեսիվ պատերազմ, ցեղասպանություն և այլն։
Թե քանի մարդ համաներման արդյունքում ազատ կարձակվի, Հ. Թովմասյանը նշեց, որ հստակ թիվ չի կարող ասել, սակայն անմիջապես ազատ կարձակվի մոտ հինգ հարյուր մարդ: