03/10/2013 14:39
Գեորգի Կալամանով. ՄՄ-ն տնտեսական գոտի է և երկրների ինքնիշխանության հարց չկա
Այսօր Երևանում ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Գեորգի Կալամանովը նշանակվեց ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահ:
Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գ. Կալամանովը նշեց, որ այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք գլխավորապես ուղղված էին ռազմատեխնիկական համագործակցության պահպանմանն ու զարգացմանը, ինչպես նաև համագործակցությանը տեխնիկայի վերանորոգման հարցերում:
Լրագրողների խնդրանքով Գ. Կալամանովն անդրադարձավ նաև Մաքսային միությանն ու այդ միությանը Հայաստանի անդամակցության հարցին.
«Հայաստանը, անդամակցելով Մաքսային Միությանը, կմտնի ընդհանուր տնտեսական գոտի, ինչը, բնականաբար, շահավետ է»,- ասաց ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալն ու ավելացրեց, որ զարգացման համար պետք է միավերել ջանքերը:
Հարցին` Մաքսային Միությանն անդամակցելով, որքանո՞վ Հայաստանը կկորցի իր ինքնիշխանությունը, Գեորգի Կալամանովը պատասխանեց.
«Ես անգամ չէի քննարկի այս հարցը: Առաջին հերթին Մաքսային միությունը միասնական տնտեսական գոտի է և այն հիմնված է սկզբունքների վրա, որոնք կապված են տնտեսության հետ: Այնպես որ, ինքնիշխանության վերաբերյալ որևէ հարց չի քննարկվում»:
Անդրադառնալով Մաքսային միության ձևավորման ու միությանը Հայաստանի անդամակցության ժամկետներին` ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալն ասաց.
«Հիմա երկու գործընթաց կա, նախ` միության ձևավորումը, ապա` Հայաստանի՝ դրան միանալը: Այնպես որ երկուսի մասով էլ հստակ ժամկետներ ասել դժվարանում եմ: Ստորագրվելիք համաձայնագրերը բավականին շատ են: Ես ամբողջությամբ տեղյակ չեմ, թե ինչպես տեղի կունենա այդ գործընթացը, բայց կարծում եմ, որ կան բոլոր հնարավորություններն այն արագացրած կերպով անցկացնելու»:
Գեորգի Կալամանովը դժվարացավ պատասխանել նաև, թե այս գործընթացում ինչ տեղ կունենա ԼՂՀ-ն, քանի որ Հայաստանն ու ԼՂՀ-ն փաստացի մի տնտեսական գոտում են.
«Արդեն ասացի, որ համաձայնագրերը բազմաթիվ են: Դրանցից ամեն մեկը մի հարցի է վերաբերում: Կարծում եմ՝ կլինեն քննարկումներ ու ամեն բան կորոշվի»:
Հիշեցնենք, որ այսօր Երևանում ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին ներկա էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նախորդող հրապարակում՝ ՀԱՊԿ ծրագրի շրջանակներում Հայաստանում կբացվի «Կամազ-Հայաստան» կենտրոնը