04/10/2013 11:44
Փորձագետի բլոգ. ՀՀ-ԵՄ հարաբերություններում լուծում կգտնվի
Նախագահի ելույթն ու դրան հետևած հարցուպատասխանը ամբողջական ձևով ոչ միայն ներկայացրեցին Հայաստանի մոտեցումները ներքին և արտաքին քաղաքական հարցերի շուրջ, այլև նախանշեցին առաջիկա տարիներին Հայաստանի կողմից իրականացվելիք քայլերը:
Առանձին-առանձին անդրադարձ կատարվեց բարեփոխումների և ժողովրդավարացման պրոցեսներին, կարճ ամփոփվեց Հայաստանում 2012-13 թվականներին տեղի ունեցած երեք ընտրություններն ու դրանց առնչությամբ դիտորդական առաքելությունների զեկույցները, անդրադարձ կատարվեց արտաքին քաղաքական գերակայություններին, այդ թվում՝ ինտեգրացիոն պրոցեսներին, ԼՂ հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Ցեղասպանության ճանաչման գործընթացին:
Սակայն, առկա իրողությունների պայմաններում` Եվրոպայի համար հատկապես կարևոր էր երկու հարց՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան և Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի շարունակականությունը: Եվրոպայի համար շատ կարևոր էր հասկանալ` ինչպե՞ս է Հայաստանը, Մաքսային միությանն անդամակցելու որոշման պայմաններում, պատկերացնում գործակցությունը Եվրոպայի հետ և արդյոք Մաքսային միությանը միանալու մտադրությունը որևէ ձևով չի՞ արգելակելու արմատական բարեփոխումների գործընթացը:
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին. այս առումով, նախագահը Ստրասբուրգ էր գնացել 2 առաջարկով: Առաջին, չնայած այն հանգամանքին, որ եվրոպացի պաշտոնյաները հայտարարել են, որ ԵՄ ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը մեկ ամբողջություն է՝ Հայաստանը, այնուամենայնիվ, առաջարկում է քննարկման առարկա դարձնել Համաձայնագրի նախագծի ամենակարևոր մասին՝ քաղաքական բաղադրիչի ստորագման հարցը (ԵՄ-ն հայտարարել է, որ Մաքսային միության դրույթները համադրելի չեն Ասոցացման համաձայնագրի տնտեսական բլոկի, այն է՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասով):
Եվ երկրորդ, Հայաստանն առաջարկում է ամբողջական փաստաթղթում այնպիսի փոփոխություններ և լրացումներ կատարել, որոնց պայմաններում այն հակասության մեջ չի գտնվի Մաքսային միության դրույթների հետ:
Առաջին հայացքից բավականին բարդ թվացող հարցը իրատեսական են հատկապես այն տեսանկյունից, որ ԵՄ-ն ոչ պակաս հետաքրքրություն ունի Հայաստանի ու տարածաշրջանի նկատմամբ, քան Հայաստանը` Եվրոպայի: Եվ Եվրոպան առաջիկա տարիներին ևս ամեն ինչ անելու է տարածաշրջանում պատշաճ ներկայություն ապահովելու ու ընդհանուր խաղում ներգրավվելու համար: Իսկ դա նշանակում է, որ ամեն դեպքում կողմերը փոխշահավետ և խորը համագործակցության հարցում լուծումներ, այնուամենայնիվ, կգտնեն:
Ինչ վերաբերում է արմատական բարեփոխումների շարունակականությանը, ապա նախագահը ԵԽԽՎ-ում հավաստիացրեց, որ այդ գործընթացը ոչ միայն շարունակվելու է, այլև արդեն իսկ բավականին ակտիվ փուլ է մտել: Սահմանադրական բարեփոխումների գործընթացն ու դատաիրավական համակարգի բարեփոխումները այն հիմնական պրոցեսներն են, որոնք տանելու են ընդհանուր համակարգի բարեփոխումները:
Ավելին, նախագահը հավաստիացրեց, որ Հայաստանում կա գիտակցում առ այն, որ այդ բարեփոխումները ոչ միայն Հայաստան-Եվրոպա համագործակցության համար են անհրաժեշտ, այլև, նախևառաջ, ծառայելու են Հայաստանի շահերին: