05/10/2013 10:08
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն իրեն դասում է արտոնյալների շարքին
2008թ հունիսի 11-ից ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկության, 11 հատ BYD մակնիշի մեքենա է գնել իրեն պատկանող «Քեթրին գրուպ»-ից` յուրաքանչյուրը 4-5 մլն դրամ արժողությամբ: «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը վերջին անգամ ծառայողական ավտոմեքենա էր ձեռք բերել 2011 թվականի մարտի 4-ին և 2011 թվականի սեպտեմբերի 20-ին` համապատասխանաբար BYD մակնիշի մեկ ավտոմեքենա` 5 818 000 դրամ արժողությամբ և Toyota մակնիշի ավտոմեքենա` 5 մլն արժողությամբ»,- «Ժողովուրդի» գրավոր հարցմանը այսպես են պատասխանել ԴԱՀԿ մամուլի ծառայությունից: Այլ կերպ ասած` այս տարիների ընթացքում ԴԱՀԿ-ը ՀՀ պետբյուջեից 50 մլն դրամ ավելի քան 120.000 դոլար ուղղել է Մ. Պողոսյանի ընկերությունից գնումներ կատարելուն: Բացի այդ` միայն 2013թ. ընթացքում ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման անվան տակ «Քեթրինին» պետբյուջեից հատկացվել է 1.300.000 դրամ:
Հետգրությամբ թերթը հավելել է. «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ կայքում Մ.Պողոսյանի կենսագրության մեջ նշված էր, որ նա 1996թ. հիմնադրել է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն: Սակայն, երբ երեկ նայել են ԴԱՀԿ-ի կայքը, պարզվել է, որ Մ. Պողոսյանի կենսագրության այդ դրվագը այլևս չկա . «1996 թվականին հիմնադրել է «Քեթրին» ՍՊԸ-ն» տողը պարզապես անհետացել է: Եվս մեկ կարևոր հանգամանք Մ. Պողոսյանը ՀՀ այն պաշտոնյաններից է, որը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով այդպես էլ չի ներկայացրել իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր: Ամենայն հավանականությամբ, նա իրեն դասում է արտոնյալների թվին»: