07/10/2013 12:52
Քաղաքագետ. Ադրբեջանի ժողովրդավարացումը ավելի կանխատեսելի կդարձնի այդ երկիրը
«Ժողովրդավարության խորը արմատներ չունեցող երկրներում արտաքին քաղաքականության փոփոխությունը տեղի է ունենում լիդերի փոփոխության հետ միասին: Իլհամ Ալիևը ունի վերընտրվելու մեծ հնարավորություններ՝ Ադրբեջանում կայանալիք ընտրություններում և որևէ բարելավում հայ-ադրբեջանական հարաբերություններում Ալիևի վերընտրությամբ սպասել պետք չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպնմանը, անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը:
Նա նշեց, որ ինչքան ավտորիտար է երկիրը, այնքան այդ երկրից պետք է սպասել ագրեսիվ և անկանխատեսելի պահվածք:
«Ինչքան Ադրբեջանը դառնա ժողովրդավար, այնքան այդ երկիրը ավելի կանխատեսելի կլինի հարևանների համար, քանի որ որոշումների կայացման վրա կազդեն մի քանի ֆակտորներ, դերակատարներ»,-նշեց Մ. Սողոմոնյանը:
Նրա խոսքով, պատերազմական իրադրությունը կարող է Իլհամ Ալիևին ձեռնտու լինել՝ սեփական դիրքերը այդ ֆոնին ամրապնդելու առումով:
«Ադրբեջանի կողմից հրահրվող սպառազինությունների մրցավազքին Հայաստանը կարողանում է հավասարակշռել և պահպանել ռազմական բալանսը: Հենց այդ հանգամանքը՝ ուժերի բալանսը, հետ է պահում Ադրբեջանին պատերազմի վերսկումից»,-ասաց Մ. Սողոմոնյանը:
Իր հերթին ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ Ադրբեջանի հետ պետք չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, քանի որ այդ երկիրը ունի մեծ ֆինանսական հնարավորություններ՝ պետք է գործի դնել Ադրբեջանի վրա ազդեցության այլ լծակներ, որոնք առկա են:
«Ադրբեջանում նախագահական ընտրություններում հաղթողի հիմնական շանսերը կրկին պահպանում է գործող նախագահ Իլհամ Ալիևը»,-նշեց Ս. Ասատրյանը:
Նրա կարծիքով, Ադրբեջանի իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որ ընտրությունները հարթ անցնեն և Արևմուտքին ցուցադրեն, որ իրենց մոտ ժողովրդավարական փոփոխություններ կան:
«Ես Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացներ չեմ նկատում և դժվար թե մոտակա տարիների ընթացքում այդ գործընթացները տեղի ունենան այդ երկրում»,-նշեց ադրբեջանագետը: