07/10/2013 13:45
«Զվարթնոցի» հարցով Հանրային խորհրդի վերջնական որոշումը կլինի հաջորդ շաբաթ
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի հետագա ճակատագրի հետ կապված Հանրային խորհրդի վերջնական գնահատականը կառավարությունը կստանա մյուս շաբաթ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի մամուլի խոսնակ Անի Գասպարյանը: Նա տեղեկացրեց, որ դեռևս կա 2 ենթահանձնաժողովների բացասական գնահատականը: Մշակույթի և Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովներում հարցը շուտով կքննարկվի և կգումարվի փոքր խորհրդի նիստ, որին կհաջորդի խորհրդի ընդլայնված նիստը: Ըստ Անի Գասպարյանի՝ հաջորդ շաբաթ արդեն կլինի վերջնական որոշումն ու այն կուղարկվի կառավարություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ խորհրդի նիստը, որտեղ Ավիացիոն ենթահանձնաժողովը ներկայացրեց բացասական գնահատական՝ հանդես գալով շենքն այլ նպատակներով օգտագործելու մի քանի առաջարկներով:
Նախորդող հրապարակումներ՝ Թարխանյան. Զվարթնոցի հին շենքի հարցը վերաբերում է հեղինակային իրավատերերին
12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը