08/10/2013 13:24
Հովհ. Թամամյանի պաշտպանը վաղաժամկետ ազատման միջնորդություն կներկայացնի
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի պաշտպան Արտավազդ Փարսադանյանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել վաղաժամկետ ազատման վերաբերյալ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Փարսադանյանը:
Նրա խոսքով` Հովհ. Թամամյանի պատժաչափը կրճատվել է 4 ամսով:
Հիշեցնենք, որ Հովհ. Թամամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ունենալով ոստիկանության գեներալ-մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և որպես այդպիսին` հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվծությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և իր ծառայողական պարտականությունները չի կատարել, որով մի դեպքում էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, մյուս դեպքում` անձանց իրավունքներին ու պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Նույն գործով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և որպես այդպիսին հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Վահան Խանզադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում որպես ՀԿԳ ավագ քննիչ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին ու պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Հովհ. Թամամյանը ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով։
Հովհաննես Թամամյանի պատժի կրման սկիզբն համարվել է 2011թ. մարտի 24-ը։
Ա. Պողոսյանը և Վ. Խանդազյանը դատապարտվել են 2 տարի 6 ամսվա ազատազրկման, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով, նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Նախորդող հրապարակում` Հովհ. Թամամյանի վրա համաներումը տարածվում է պատժաչափի միայն 1/4-ի չափով