08/10/2013 14:01
Գերմանիայի նախկին դեսպանը Արցախում է
Հոկտեմբերի 7-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան, Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ Հանս-Յոխեն Շմիդտին։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Գերմանացի դիվանագետը հոկտեմբերի 4-5-ը Ստեփանակերտում կայացած «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներից է և հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը. սիզիփյան աշխատանք» թեմատիկ զեկուցմամբ։ Բարձր գնահատելով գիտաժողովի աշխատանքը, նա հայտնեց, որ մնացել է՝ շրջագայելու և երկրում տիրող իրադրությանը մոտիկից ծանոթանալու, Արցախն ավելի լավ ճանաչելու համար։ Պարոն Շմիդտի հավաստմամբ՝ ինքը գոհ է այցելության արդյունքներից, այդ ընթացքում կուտակել է բավականին տեղեկատվություն և, վերադառնալով հայրենիք, հաղորդելու շատ բան ունի գործընկերներին, գերմանական հանրությանը։
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց գերմանացի բարձրաստիճան հյուրին՝ ժամանակ գտնելու և միջազգային գիտաժողովում հետաքրքիր ելույթով հանդես գալու համար։
Զրույցի ընթացքում շոշափվեցին Արցախ-Գերմանիա հանրային, խորհրդարանական և այլ կապերի հաստատման գործընթացին առնչվող հարցեր, կարևորվեց շահագրգիռ կառույցների միջև լիարժեք տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, ուրվագծվեցին այդ ուղղությամբ երկուստեք անելիքները»,- նշված է հաղորդագրությունում։