11/10/2013 15:10
«Ժամանակները փոխվել են. Որոշվել է խոշոր բիզնեսը հարկել»
2014թ-ին նախատեսվել է 90 մլրդ դրամով ավելացնել Հայաստանի բյուջեն և ինչպես նշվել է, այդ գումարները հիմնականում գանձվելու են խոշոր բիզնեսից, հարկեր-ՀՆԱ հարաբերակացությունը չի փոխվելու:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ խոշոր բիզնեսից հարկեր հավաքելը «ամենալուրջ և ցավոտ հարցերից մեկն է», հիշեցնելով, որ Համաշխարհային բանկի հաշվարկներով, հայրենի տնտեսության 35 տոկոսը, մոտ 1 մլրդ դոլար, ստվերում է:
«Կառավարությունը պետք է բավարար քաղաքական կամք կիրառի` հարկային բեռը չավելացնելու և բյուջետային մուտքերը ավելցնելու համար, որին հասնելու է ստվերային տնտեսության կրճատման միջոցով»,-ասաց բանախոսը:
Պարզվեց Վ. Սաֆարյանի հույսը, որ խոշոր բիզնեսը կհարկվի` Մաքսային միությունն է, քանի որ Մաքսային միության համար 60-ից ավելի օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ են լինելու, նաև կիրառվելու են համատնտեսական օրենքներ: Նա հույս ունի, որ այս ճանապարհով հնարավոր կլինի հարկել խոշոր բիզնեսը:
Բացի այդ, եթե Արևմուտքը կապիտալի նախասկզբնական կուտակումն անցել է 250-300 տարում, ապա Հայաստանը` 2-3 տարում, դա Վազգեն Սաֆարյանը պայմանավորեց նրանով, որ 3-4 մարդ, հավաստագրերով տեր է կանգնել ազգային հարստությանը և ժամանակն է, որ այդ մարդիկ սոցիալական համերաշխություն դրսևորելով` հարկվեն: Վ. Սաֆարյանի լավատեսությունը կապված էր ոչ միայն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հետ, այլ «ժամանակները փոխվելու» հետ: