12/10/2013 09:26
Խաչիկ Ասրյանը կատակ է արել
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նախօրեին հայտարարել էր, թե Զարուհի Փոստանջյանին պետք է խարույկի վրա կենդանի այրել:
Երեկ ՀՔԾ լրատվության պետ Միքայել Ահարոնյանից «Ժողովուրդը» հետաքրքրվել է` այդյոք ՀՔԾ-ն պատրաստվում է իրավական ընթացք տալ փոխնախարարի` ըստ էության բռնության կոչ պարունակող այդ հայտարարություններին: Պարզվեց` ոչ: «Իրական է սպառնալիքը, թե ոչ` որոշվում է օբյեկտիվ իրականության գնահատմամբ: Ակնհայտ է, որ փոխնախարարի կողմից ԱԺ պատգամավորին խարույկի վրա այրելու սպառնալիքը չի կարող իրական համարվել: Խ. Ասրյանի կողմից հնչեցրած սպառնալիքի ոչ իրական լինելու մասին է վկայում նաև հոկտեմբերի 11-ին նրա կողմից արած հայտարարությունը այն մասին, որ իր խոսքերը բացառապես փոխաբերական իմաստ են արտահայտել»,- ասել է Ահարոնյանը:
Երեկ Ասրյանը հայտարարություն է տարածել, թե ինքը Փոստանջյանին խարույկի վրա այրելու մասին հայտարարություններն անելիս նկատի է ունեցել ոչ թե պատգամավորի մարմինը, այլ գործն այրելը: Իսկ մինչ այդ Փոստանջյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով ապահովել իր ու իր ընտանիքի անվտանգությունը: