14/10/2013 16:20
Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց
Դատարանը ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հայցը բավարարեց մասնակիորեն և նրան համաներմամբ ազատ արձակեց:
Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը դատապարտվեցին ազատազրկման երկու տարի ժամկետով, սակայն վճիռը պայմանականորեն չկիրառելու որոշմամբ: Արտակ Կարապետյանը ևս համաներմամբ ազատ արձակվեց:
Սարգիս Գևորգյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել որոշումը բոլոր դատական ատյաններում, մինչև ՄԻԵԴ, որոշումը նրանց չի բավարարել, սակայն սպասելի էր իրենց համար:
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վերաքննիչ քրեական դատարանի հրապարակած որոշման եզրափակիչ մասն ամբողջությամբ:
«Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 366-րդ, 393-րդ, 395-րդ, 397-398-րդ, 402-րդ, 412-րդ հոդվածներով` ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան Վահե Գրիգորյանի և ամբաստանյալներ Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն` ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. հուլիսի 20-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Տիգրան Սամվելի Առաքելյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, ամբաստանյալ Արտակ Վոլոդյայի Կարապետյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 316-րդ հոդվածի 1-ին մասով, ամբաստանյալներ Սարգիս Ռուբենի Գևորգյանի, Դավիթ Հայկազի Քիրամիջյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով` բեկանել և փոփոխել.
Տիգրան Սամվելի Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Տիգրան Սամվելի Առաքելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով Տ.Առաքելյանին դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով:
Տ.Առաքելյանի նկատմամբ կիրառել <<ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին>> ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և նրան ազատել պատժից:
Տիգրան Սամվելի Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և նրան ազատել կալանքից դատական նիստի դահլիճում:
2. Արտակ Վոլոդյայի Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով
ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցել Ա.Կարապետյանին արգելանքի տակ պահելու 11 (տասնմեկ) օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 19 (տասնինը) օր ժամկետով:
Ա.Կարապետյանի նկատմամբ կիրառել <<ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին>> ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և նրան ազատել պատժից:
Ա.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
3. Սարգիս Ռուբենի Գևորգյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և նրան դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցել նրա արգելանքի տակ գտնվելու 10 (տաս) օր ժամկետը ու վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 20 (քսան) օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Ս.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով:
Ամբաստանյալ Ս.Գևորգյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա` ըստ բնակության վայրի:
Ս.Գևորգյանի նկատմամբ որպես խափանմամն միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
4. Դավիթ Հայկազի Քիրամիջյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցել նրա արգելանքի տակ գտնվելու 3 (երեք) օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Դ.Քիրամիջյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով:
Ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան ստորաբաժանման վրա` ըստ բնակության վայրի:
Դ.Քիրամիջյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
5. Դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:
6. Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան հրապարակման պահից` մեկամսյա ժամկետում»:
Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում:
Նախորդող հրապարակում՝ Դատարանը լսեց ՀԱԿ ակտիվիստների գործով պաշտպանական ճառերը