15/10/2013 19:00
Սաքունցը դիմում է Կոստանյանին. Քրեական գործ հարուցել Խ. Ասրյանի նկատմամբ
Վերջին իրադարձությունների հետ կապված, անհանգստացած լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությամբ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նամակ-դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Այս մասին հայտնում են գրասենյակի լրատվական ծառայությունից:
«Նամակում մեջբերված են, մասնավորապես, Խաչիկ Ասրյանի կողմից հնչեցված սպառնալիքները Զ. Փոստանջյանի հասցեին: Որպես ապացույց ներկայացվել են մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերը, որոնք մեջբերում են Ասրյանի հետևյալ արտահայտությունը.
«Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա դ’ Արկի, այլ՝ որպես Ռամիլ Սաֆարովի»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմում է Գ. Կոստանյանին՝ հարուցել քրեական գործ Խ. Ասրյանի նկատմամբ և նրան ենթարկել համապատասխան պատասխանատվության՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի, այն է՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը,…» համարվում է հանցագործություն և նախատեսվում է քրեական պատասխանատվություն»,- մասնավորապես ասված է ՀՔԱ գրասենյակի նամակում:
Նախորդող հրապարակումներ՝ «Թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ». Խաչիկ Ասրյանը` Փոստանջյանի մասին
Խաչիկ Ասրյան. Նկատի եմ ունեցել այրել ոչ թե Զարուհուն, այլ` արարքը