15/10/2013 12:44
Ճարտարապետներն առաջարկում են կառավարչից հետ վերցնել «Զվարթնոցի» հին շենքը
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու առաջարկը օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն բացատրել է նրանով, որ շենքը կորցրել է ռեսուրսները: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանկ բանախոսներ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը անհիմն համարեցին:
«Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա Երևանի շենքերի մեծ մասը պետք է քանդենք»,-ասաց Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ մասնագետները արդեն բերել են այն բոլորը փաստերը, որ շենքը կարելի է վերականգնել և օգտագործել ըստ նշանակության:
Անդրադառնալով Հանրային խորհրդի գնահատականին՝ ՀԽ ճարտարապետության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն ասաց, որ ընդլայնված նիստը շուտով կլինի, բայց այն բոլոր ենթահանձնաժողովները, որոնք քննարկել են հարցը, բացասաբար են վերաբերում քանդելու առաջարկին:
«Ինչպես կարելի է անդադար քանդել, հետո էլ տարիներ հետո նստել հիշել ու ափսոսալ»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե կառավարիչը չի ուզում այն օգտագործել, թող վերադարձնի պետությանը, քանի որ ի վերջո պետությունն է այդ հուշարձանի տերը: Նա նաև առաջարկեց մրցույթ հայտարարել և այդ դեպքում գուցե գտնվեն հետաքրքիր առաջարկներ, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել:
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներում հարցը քննարկվել է, բայց ընդլայնված նիստը դեռ չի կայացել:
Նախորդող հրապարակումներ՝ Վաղը կքննարկվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հարցը
12 մլն դրամ. «Զվարթնոցի» հին մասնաշենքը քանդելու մտադրության հիմնավորումը
Թարխանյան. Զվարթնոցի հին շենքի հարցը վերաբերում է հեղինակային իրավատերերին
«Զվարթնոցի» հարցով Հանրային խորհրդի վերջնական որոշումը կլինի հաջորդ շաբաթ
ՀԽ Մշակույթի հանձնաժողովը որոշեց «Զվարթնոցի» հարցով դիմել նախարարություն